*Ահմադ Քազեմի

Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացվող Մինսկի խումբը լուծարելու պահանջից ամիսներ անց, Հայաստանի վարչապետի աշխատակազմն ասել է, որ Երևանը դիտարկում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) դիմելու հնարավորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը լուծարելու հարցով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի անգամ, այդ թվում՝ 2024 թվականի դեկտեմբերին Մինսկի խմբի լուծարումը ներկայացրել է որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման Բաքվի պայմաններից մեկը։ Իրավական առումով, Մինսկի խմբի լուծարումը պայմանավորված է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը Բաքվի և Երևանի համատեղ դիմումով:

Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաթեժ պահերին, Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնությամբ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը վերապահված դերակատարությամբ և ՄԱԿ-ի կանոնադրության 33-րդ հոդվածի համաձայն, որը օգտագործում է կազմակերպություններն ու տարածաշրջանային դասավորությունները վեճերի խաղաղ կարգավորման համար: Մինսկի խմբի անդամ են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության 11 անդամ երկրներ, սակայն որոշումներ կայացնող կառույցը գտնվում է Մինսկի խմբի երեք համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ձեռքում:

1994-ից մինչև 2020 թվականը հրադադարի 26 տարիների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները տասնյակ անգամներ մեկնել են Ադրբեջան, Հայաստան, այնտեղից՝ Ղարաբաղի Ինքնավար շրջան, ինչպես նաև տարբեր երկրներում անցկացրել են երկու կողմերի միջև բանակցություններ։ Այդ տարիներին Ադրբեջանի Հանրապետությունն ավելի էր ոգևորված Մինսկի խմբի գործունեությամբ, քան Հայաստանը, և չնայած ժողովրդի և որոշ երկրների պահանջին՝ դուրս գալու այս խմբից, որը ոմանք համարում են քրիստոնեական ակումբ, նա չցանկացավ լքել Մինսկի Խումբը՝ թե՛ Հեյդար Ալիևի օրոք, և թե՛ Իլհամ Ալիևի օրոք. Սակայն 2020թ․ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից, ինչպես նաև 2023թ. սեպտեմբերին Ղարաբաղյան երրորդ պատերազմից և Ղարաբաղի նկատմամբ Բաքվի տիրապետության հաստատումից հետո Բաքուն ընդգծում է Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը և դա համարում է այնքան կարևոր, որ դա դիտարկում է որպես պայմաններից մեկը Հայաստանի հետ խաղաղություն կնքելու համար. Ուստի հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ Բաքվի պնդումը և Հայաստանի ու Մինսկի խմբի որոշ համանախագահների դժկամությունը՝ այս հարցի նկատմամբ։

Փաստն այն է, որ Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանը ավարտված է համարում Մինսկի խմբի առաքելությունը, այն է՝ խաղաղության հաստատումն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության սկզբունքի իրագործման և Ղարաբաղի տարածաշրջանի իրավական կարգավիճակի որոշման միջոցով։ Այդուհանդերձ, Հայաստանը և Մինսկի խմբի որոշ համանախագահ երկրներ Բաքվի պահանջին հակադրվելու մի քանի պատճառ ունեն, որոնցից հիմնականները հետևյալներն են․

Նախ. Մինսկի խումբը, հատկապես Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, ղարաբաղյան հակամարտության լուծում չեն համարում Ղարաբաղի ներկայիս իրավիճակը, որտեղ այդ շրջանի ավելի քան 120,000 բնիկ հայեր բռնի տեղահանվել և ենթարկվել են էթնիկ զտումների, այլ ստեղծված իրավիճակը, ավելի շուտ, կարող է կայծ հանդիսանալ առաջիկա տարիներին ճգնաժամի վերսկսման և տարածաշրջանային հավասարումների փոփոխման գործընթացում։ Մինսկի խումբը լուծարելով՝ Բաքուն ցանկանում է այսպես ներկայացնել, որ Ղարաբաղի հարցն ավարտված է տարածաշրջանային և միջազգային մակարդակով` լուսանցք մղելով հայերի Ղարաբաղ վերադարձի երաշխավորման հարցը, որը խստորեն արծարծվել է Եվրախորհրդարանի 2023 թվականի հոկտեմբերին ընդունված բանաձևում։

Երկրորդ. Ղարաբաղյան երկրորդ և երրորդ պատերազմներից հետո Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքի երկու հարյուր քառակուսի կիլոմետր, հատկապես Սյունիքում և Ջերմուկի շրջանում և սկսել է ճանապարհներ ու օբյեկտներ կառուցել այդ տարածքներում։ Ըստ Մինսկի խմբի, հաշվի առնելով, որ Ադրբեջանի Հանրապետությունը չի ստորագրել խաղաղության պայմանագիրը և պաշտոնապես ու իրավականորեն չի ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, վեճերի սրման և էսկալացիայի հավանականություն դեռ կա, հատկապես, որ սահմանազատման հարցը բազմաթիվ խոչընդոտների է հանդիպում։

Երրորդ. Մինսկի խմբի երկրները, հատկապես Ֆրանսիան, դեմ են ՆԱՏՕ-ի Թուրանական միջանցքի (կեղծ Զանգեզուրի միջանցք) ստեղծմանը և այսպես կոչված թյուրքական աշխարհի գաղափարի իրականացմանը՝ նեոօսմանիզմի հետ կապված մտահոգությունների պատճառով։ Հետևաբար, նրանք գտնում են, որ Մինսկի խմբի լուծարումը Բաքվին և Անկարային կդարձնի ավելի համարձակ՝ այս աշխարհաքաղաքական հավակնություններն իրականացնելու գործում։ Բաքվի որոշ գործողությունները, ներառյալ միջամտությունը Նոր Կալեդոնիայի բողոքի ցույցերին, որոնք իրականացվում են որպես քարոզչություն Ֆրանսիայի դեմ Բրիտանիայի հովանավորությամբ, ազդում են Փարիզի որոշման վրա՝ աջակցելու Մինսկի խմբի գործունեության շարունակմանը։ Այս մոտեցումից ու մտահոգությունից է բխում նաև Եվրոպական մոնիտորինգային խմբի ստեղծումը։

Չորրորդ. Ադրբեջանի իրականացրած Ղարաբաղի էթնիկ զտումներից և այս շրջանի ինքնավարության պատմական կարգավիճակի վերացումից բացի, կան այլ չլուծված խնդիրներ, այդ թվում՝ ռազմագերիների հարցը, ականապատ տարածքների քարտեզները և ամենակարևորը, այս տարածաշրջանում Ղարաբաղի հայերի սեփականության իրավունքի հեռանկարը, ներառյալ այս տարածաշրջանում նրանց պատմական, մշակութային և գեղարվեստական հուշարձանների կարգավիճակի հարցը, որոնք սրել են Մինսկի խմբի որոշ երկրների մտահոգությունները, բացառությամբ Ռուսաստանի, որը հայտարարել է Մինսկի խմբի լուծարմանն իր աջակցության մասին՝ էներգետիկ արտոնություններ ստանալու պատճառով՝ պատժամիջոցի ենթարկված իր գազը Ադրբեջանի գազատարերի միջոցով Եվրոպա փոխադրելու համար՝ Բաքվի գազ վաճառքի քողի ներքո։ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից ոչ մեկը չի լուծարել Մինսկի խմբում իր ներկայացուցչի պաշտոնը, այլ ավելի շուտ նրանք խզել են իրենց կապերը Ռուսաստանի հետ այս հարցում՝ ի նշան բողոքի։ Նույնիսկ ԵԱՀԿ-ի ներսում չկա Մինսկի խմբի լուծարման հանրային պահանջ: Մինչև 2024 թվականի նոյեմբերին կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսը Բաքվի հրաժարումը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելուց, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Երևանը Պրահայի գագաթնաժողովում արդեն ընդգծել էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետության կազմում ներառվելու մասին, ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում թերահավատություն է առաջացրել Բաքվի քաղաքականության նկատմամբ այնպես, որ այս առումով արդյունավետ չի եղել նաև Բաքվի «խավիարային» (դոլարային) դիվանագիտությունը, որը տարիներ շարունակ տարածված է եղել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում,

Հինգերորդ. Իրավական և ռացիոնալ առումով տրամաբանական է, որ Մինսկի խմբի լուծարումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Որովհետև միայն նման իրավական փաստաթուղթը կերաշխավորի երկու երկրների միջև հիմնարար վեճերի լուծումը, և բնականաբար, խաղաղության պայմանագրից հետո Մինսկի խմբի գործունեության շարունակությունը որևէ իմաստ չի ունենա։ Բայց Ադրբեջանը ոչ միայն չի ընդունում այս ակնհայտ տրամաբանությունը, այլ շարունակելով միջանցքի ստեղծման սպառնալիքը, առաջ քաշելով «Արևմտյան Ադրբեջան» պատրանքային նախագիծը, որով կոչում է Հայաստանը, և պահանջելով Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, ցույց է տալիս, որ եթե նույնիսկ Երևանը նահանջի այս հարցերում, ապա նա կընդլայնի Երևանից իր անավերջանալի պահանջների շրջանակը.