Լիբանանի Դահիյա քաղաքացիական շրջանի վրա Սիոնիստական ռեժիմի ահաբեկչական հարձակման ժամանակ Լիբանանի Հեզբոլլահի պանծալի առաջնորդ, մարտադաշտում Դիմադրության անզուգական, անխոնջ ու վճռական մոջահիդ Սեյեդ Հասան Նասրալլահի նահատակությունը, ինչը Սիոնիստական ռազմական մեքենայի կողմից Պաղեստինում և Լիբանանում իրականացված ցեղասպանությունների շարքի շարունակությունն էր, և այս միջազգային հանցագործություններին ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների արդյունավետ մասնակցությունը ցույց են տալիս «համաշխարհային իրավական կարգի» անարդյունավետության գագաթնակետը։ Բոլոր անկախ միջազգային իրավաբանների կողմից պատերազմական հանցագործ ճանաչված Իսրայելի վարչապետի կողմից ՄԱԿ-ի կենտրոնակայանում ելույթից հետո ահաբեկչական սպանության հրամանի արձակումը դառը հումոր և ծաղրանք է իրավական կարգի նկատմամբ, որը ձևավորվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով միլիոնավոր անմեղ մարդկանց զոհվելուց հետո Դումբարտոն-Օքսի, Յալթայի և Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսներում, և դրա խորհրդանիշն է համարվում ՄԱԿ-ի 111 հոդվածից բաղկացած կանոնադրությունը: Մարդկային արժանապատվության տեսակետից, մարդու միջազգային իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը և դրանց համար պայմանագրային ու ընթացակարգային մեխանիզմների ստեղծումը իրավական կարգի երկու հիմնասյուններն են, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավետում էին խաղաղություն և միջազգային անվտանգություն։

Թեև «միջազգային իրավունքի կանոնները», ի տարբերություն «միջազգային հարաբերությունների իրականության», համարվում էին հիմնականում ռեալիստական և նույնիսկ բարոյական (էթիկական), սակայն ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքի ամրապնդման կորը վերընթաց միտում է ունեցել։ Նույնիսկ զինված խաղաղության (Armed peace) ժամանակաշրջանից և Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Արևելքի ու Արևմուտքի բլոկների միջև Սառը պատերազմի և սարսափի հավասարակշռության ժամանակ մարդու և հումանիտար միջազգային իրավունքներն երբեք չեն խախտվել և թուլացել այնքան, որքան այսօր։ Իսրայելի ռեժիմը, որը ծնունդ է առել Արևմտյան Ասիայում Անգլիայի և Ամերիկայի դավադիր ծրագրերից, վերջին 76 տարում միայնակ ավելի շատ դերակատարություն է ունեցել համաշխարհային իրավական կարգի թուլացման և ոչնչացման գործում, քան աշխարհի մնացած երկրները՝ միասին վերցրած։ ԱՄՆ-ի, Անգլիայի և արևմտյան որոշ երկրների կառավարությունների անվերապահ աջակցությունն այս ռեժիմի հանցագործություններին անուղղելի հարվածներ է հասցրել միջազգային իրավունքի թույլ մարմնին։

Լիբանանի դիմադրության խորհրդանիշն ու լեգենդ, նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահի սպանությունը, ինչպես նաև Լիբանանի վրա Իսրայելի ռեժիմի հարձակումների առաջին երկու շաբաթներին փեյջերների պայթեցման միջոցով խաղաղ բնակիչների վրա հարձակումների հետևանքով հազարավոր լիբանանցիների սպանությունն ու վիրավորումը, Մարդու միջազգային իրավունքների, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ընդգծված կյանքի իրավունքի կոպիտ խախտումներ են։ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որոնք ընդգծում են մարդու արժանապատվության հարգումը որպես պարտադիր կանոն, անընդունելի են համարում մարդկանց՝ կյանքի իրավունքից զրկելը։ Սիոնիստական ռեժիմի և նրա ահաբեկչական ջոկատների խելահեղ պետական ահաբեկչությունը մարդու միջազգային իրավունքների սկզբունքների հիմնարար խախտում է։

Միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից, պետական ահաբեկչությունն ու հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական տարածքների վրա, Հաագայի կանոնների, 1949 թվականի Ժնևի չորս կոնվենցիաների և դրա լրացուցիչ արձանագրությունների, ինչպես նաև ռազմական հակամարտությունների իրավունքի վերաբերյալ Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բազմաթիվ բանաձևերի կոպիտ խախտում է։ Մարդասիրական իրավունքների հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են զինվորականների և քաղաքացիական անձանց միջև տարանջատման սկզբունքը, մարդկային սկզբունքը, անհրաժեշտության և համաչափության սկզբունքը, բազմիցս և միտումնավոր խախտվել են Սիոնիստական ռեժիմի ռազմական մեքենայի կողմից:

Համաձայն Միջազգային քրեական դատարանի կանոնադրության (1998թ. Հռոմի ստատուտը) Սիոնիստական ռեժիմի խելահեղ գործողությունները Պաղեստինում և Լիբանանում, ՀԱՄԱՍ-ի և Լիբանանի իշխանության կառուցվածքի մաս հանդիսացող Հեզբոլլահի առաջնորդների սպանությունները, ինչպես նաև Նեթանյահուի և Իսրայելի բանակի հրամանատարների դիրքորոշումները, միջազգային հանցագործությունների նյութական և բարոյական տարրերն են, որոնք ներառում են ռազմական հանցագործություններն ու ցեղասպանության հանցագործությունը։ Հետևաբար, իրավական տեսանկյունից Նեթանյահուն և Իսրայելի բանակի ղեկավարները պետք է դատվեն և պատժվեն միջազգային դատարաններում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ոճրագործներն ու այլ հանցագործները. պահանջ, որը վերջին մեկ տարում աշխարհի հասարակական կարծիքը բազմիցս շեշտել է հակապատերազմական և դիմադրությանը սատարող ցույցերի ժամանակ։ Սակայն աշխարհն ականատես է լինում, թե ինչպես են Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) և նրա գլխավոր դատախազ «Քարիմ Խանը» և իր ընտանիքը սպառնալիքների ենթարկվում ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից՝ Նեթանյահուի, Գալանտի և Սիոնիստական ռեժիմի բանակի ղեկավարների «անհետաձգելի ձերբակալման» միջնորդության պատճառով, ավելին, բարձրացվել է այս դատարանի լուծարման հարցը, և ի վերջո, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանից առաջ ձերբակալության օրդեր արձակելու մասին գլխավոր դատախազի պահանջը չիրականացավ, ինչը հանգեցրեց այս ռեժիմի համարձակության բարձրացմանը և նրա հանցագործությունների ուժեղացմանը։

Մյուս կողմից, չնայած այն հանգամանքին, որ շուրջ մեկ տարի է անցել այն բանից հետո, երբ Հարավային Աֆրիկան 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Միջազգային Արդարադատության դատարանում (ICJ) Սիոնիստական ռեժիմի դեմ բողոք է ներկայացրել ցեղասպանության հանցագործություն կատարելու և ցեղասպանությունն արգելելու մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիան խախտելու համար, և, որ այս դատարանը մի քանի ժամանակավոր որոշումներ է կայացրել Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները դադարեցնելու նպատակով, և չնայած այն հանգամանքին, որ այս որոշումները ենթակա են պարտադիր կատարման և բազմաթիվ երկրներ միացել ու աջակցել են այս հայցադիմումին, այդուհանդերձ Սիոնիստական ռեժիմը հրաժարվել է կատարել դրանք ԱՄՆ-ի աջակցության շնորհիվ։ Իսկ Անվտանգության խորհուրդը, որը ՄԱԿ֊ի Կանոնադրության 94-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, հանդիսանում է նշված դատարանի որոշումների կատարման երաշխավորը, որևէ քայլ չի ձեռնարկել։ Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ Անվտանգության խորհուրդը գլխավորապես պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար և պետք է քայլեր ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության նկատմամբ ցանկացած խախտման, սպառնալիքի կամ ագրեսիայի դեմ, սակայն Իսրայելի ռեժիմի կողմից Պաղեստինում մեկ տարի տևած դաժան ցեղասպանության և Լիբանանում դրա տարածման պայմաններում Անվտանգության խորհուրդը չի կարողացել նույնիսկ մեկ արդյունավետ բանաձև ընդունել ցեղասպանությունը դադարեցնելու, ինչպես նաև մարդու և հումանիտար իրավունքների կանոնները պաշտպանելու համար, ինչպես չկարողացավ կասեցնել Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ-ի հանցագործությունները 2001 և 2003 թվականներին, և Եմենի ու Ուկրաինայի պատերազմները:

ՆԱՏՕ-ի և, այսպես կոչված, «համաշխարհային հյուսիսի» մաքսիմալիստական նկրտումներով շրջափակված իրավական համակարգում, բացառությամբ դիմադրության առանցքի մի քանի երկրների, ոչ մի երկիր չի համարձակվում օգտագործել «միջազգային իրավարարության» իր իրավունքը՝ քրեականորեն հետապնդելու միջազգային հանցագործներին։ Առանց պատճառի չէ, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում պետությունների ղեկավարների ելույթների և պահանջների մի մասը կենտրոնացած էր ՄԱԿ-ի կառուցվածքի, Անվտանգության խորհրդի և վետոյի իրավունքի վերանայման անհրաժեշտության վրա: Երկրների մեծ մասը գտնում է, որ միջազգային իրավական կարգը փակուղի է մտել։

Լիբանանի և Եմենի վրա իսրայելական ռեժիմի խելահեղ հարձակումներն ու դիմադրության առանցքի սիրված առաջնորդի սպանությունը, գոյություն ունեցող «համաշխարհային իրավական կարգի» հյուծվածության և «վախճանի» ամենաթարմ նշաններն են, այնպես որ ներկայումս իրավական հարթակում գործնականում գոյություն չունի արդյունավետ իրավական զսպող լծակ՝ Սիոնիստական ռեժիմի պետական ահաբեկչությունը դադարեցնելու համար։ Մարդկության ապագան «համաշխարհային իրավական կարգի» վերակառուցման կարիքն ունի, ընդորում այս նոր կարգը կձևավորվի երկու մակրո մակարդակներում՝ նահատակ Սեյեդ Հասան Նասրալլահի և նրա զոհված զինակիցների արյան շնորհիվ «Դիմադրության առանցքի» և «ցեղասպանության առանցքի» միջև պատմական ճակատամարից, ինչպես նաև Յոթնյակի խմբի (G7) դեմ ԲՐԻԿՍ-ի և այսպես կոչված «համաշխարհային հարավի» երկրների միջև պայքարում Ամերիկայի անկման գործընթացի ուժեղացմամբ նոր աշխարհակարգին անցում կատարելու հետևանքով, իսկ Սիոնիզմի նկատի առած «New Order»֊ի փոխարեն, Նյուրնբերգյան նոր տրիբունալ կկայանա ցեղասպանության հեղինակներին ու կատարողներին պատժելու համար։

Եվ վերջում, իրավական կարգի այս ճգնաժամում և այն իրավիճակում, երբ Սիոնիստական ռեժիմի մանկասպան վարչապետը ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացահայտորեն ռազմական սպառնալիք է հնչեցնում Իրանի հասցեին, սպանությունների ու կոտորելու գործողության հրաման է արձակում, միևնույն ժամանակ Բաքվից Սիոնիստական ռեժիմ վառելիքի կենսական մատակարարման շարունակմանը զուգահեռ Իսրայելի ռեժիմը շարունակում է Իրանի սահմանների մոտ Ադրբեջանի Հանրապետությունում ստեղծել ռազմական զինանոց՝ կուտակելով այդ երկիր ուղարկված տարբեր տեսակի ծանր հարձակողական զենքեր, անհրաժեեշտ է լրջորեն վերանայել Իրանի պաշտպանության հայեցակարգը, հատկապես միջուկային ոլորտում, և դադարեցնել ռազմավարական հանդուրժողականությունը տարածաշրջանում սիոնիստներին աջակցող որոշ ռեժիմների թշնամական քայլերի դեմ, հարց, որը իրավական առումով օրինական, վավերական և անհրաժեշտ է:

*Համալսարանի միջազգային իրավունքի գծով դասախոս, դոկտոր Ահմադ Քազեմի